Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե  Թուրքիայում 1915-ը ցեղասպանություն որակելը հանցանք չէ:

Թուրքիայի ԱԳՆ կայքէջում «Արտաքին քաղաքականությունը հարցերով» խորագրի տակ նոր տեղեկատվական համակարգ է ստեղծվել, որտեղ ներկայացված են արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր եւ պատասխաններ:

ԱԳՆ-ի կայքէջի հիշյալ բաժնում նշված է. «Կարելի է ասել, որ 1915-ի իրադարձությունները ազատ եւ հանգիստ կարելի է քննարկել: Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում կամ մեկ այլ տեղ չկա Հայոց ցեղասպանության հետ կապված որեւէ  կետ»:

Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի` Թուրքիայում չկա մեկը, որ դատապարտված լինի 1915-ը` Ցեղասպանություն ասելու համար: «Չնայած, որ շատ երկրներ ունեն ցեղասպանության մերժումը դատապարտող օրենք, Թուրքիայում թե օտար, թե թուրքերեն լեզվով կան բազմաթիվ գրքեր, հրապարակումներ, որտեղ նշվում են, թե 1915-ին տեղի է ունեցել Ցեղասպանություն»,-նշվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության կայքէջում:

NEWS.am-ը հիշեցնում է, որ  2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս»  թերթի խմբագիր Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար դատապարտվել է 301-րդ հոդվածով, իսկ «1915-ին 1 միլիոն հայ է սպանվել» հայտարարությունն արած   թուրք գրող  Օրհան Փամուկի դեմ 301-րդ հոդվածով դատավարությունը պարզապես կարճեցին` համաշխարհային հանրության ուշադրութjան կենտրոնում հայտնվելու պատճառով:

Նշենք, որ Եվրադատարանը 2010-ի սեպտեմբերի 14-ին բավարարել է Հրանտ Դինքի սպանությունից  մեկ շաբաթ առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած հայցը, որով Դինքը բողոքարկում էր իր դեմ կայացրած թուրքական դատարանի վճիռը: