Երեւանի Խորենացի փողոցում բերման են ենթարկում այն քաղաքացիներին, որոնք գնում են այնտեղ՝ մասնակցելու այսօր ժամը 19:00-ին նախատեսված հավաքին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ոստիկանները Խորենացի փողոց գնացող քաղաքացիներից անձն հաստատող փաստաթուղթ են պահանջում, հորդորում նրանց հեռանալ տարածքից: Քիչ առաջ բերման ենթարկվեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը պաստառներով եկել էր Խորենացի փողոց (ֆոտոռեպորտաժ):
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երեւանի Խորենացի փողոցում ցուցարարները ժամը 19:00-ին հավաք են անցկացնելու:
Հիշեցնենք, որ գիշերը լարված է անցել: Կեսգիշերն անց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն facebook-ի իր էջում գրել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, որի հետեւանքով վիրավորվել են մեկ ոստիկան, Պավել Մանուկյանն ու նրա որդին, իսկ «Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը հանձնվել են ոստիկանությանը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Իր հերթին «Սասնա ծռեր» խումբը հայտարարել է, որ «ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:
Գիշերվա ընթացքում ոստիկանությունը բազմաթիվ քաղաքացիների է բերման ենթարկել Երեւանի Խորենացու փողոցից։
































