Երեւանի քաղաքային պանթեոնից մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին գողանալու փաստը եզակի չէ: Նախկինում այդ գերեզմանատնից գողացվել են նաեւ մի կտոր Հրաչյա Աճառյանի տապանաքարից, Երվանդ Քոչարի տապանաքարի մետաղյա դափնեպսակի տերեւները, Վաղարշ Վաղարշյանի շիրմաքարից` նրա մետաղյա թիկնոցը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:
Վերջինս նաեւ իր տարակուսանքն է հայտնել, թե ինչպես կարող էին անայտ գողերը գողանալ բրոնզե 300 կգ կշռող կիսանդրին՝ առանց պահակների կողմից նկատվելու, առավել եւս, որ Դերենիկ Դեմիճյանի գերեզմանը գտնվում է պանթեոնի ամենատեսանելի վայրում: Տուն-թանգարանի տնօրենը նաեւ մեղադրել է քաղաքային իշխանություններին՝ իրենց գործում թերանալու համար:
Կարինե Ռաֆայելյանը հայտնել է, որ այժմ իրենց նպատակն է Դերենիկ Դեմիրճյանի աճյունը տեղափոխել Կոմիտասի անվան պանթեոն:
Նշենք, որ Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու գողության փաստի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 6-ին: Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:





























