Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի դեսպանին` հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում ունեցած ներդրման համար. «Ես խորապես համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են շատ ավելի բարձր մակարդակի վրա, քան 2006 թվականին, երբ Դուք նշանակվեցիք Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: Իրոք, մեծ է Ձեր անձնական ներդրումը քաղաքական երկխոսության զարգացման, տնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ Հայաստանում ֆրանսիական մշակույթի տարածման գործում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը հանդիսացող Ֆրանսիային` մեր տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին սատարելու ջանքերի ու պատրաստակամության համար:
Դեսպանը նշել է, որ իր համար շատ կարեւոր է Հայաստանի նախագահի բարձր գնահատականն ու հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքը Ֆրանսիայի նկատմամբ. «Իմ պաշտոնավարման ընթացքում ես հասկացա, որ լինել Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, նշանակում է` քո առջեւ բաց տեսնել բոլոր դռները»,-ասել է Սերժ Սմեսովը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սերժ Սմեսովին Հայաստանում կարող է փոխարինել Ֆրանսիայի ԱԳՆ-ի Ռենո ազգանունով մի աշխատակից: Լուրեր են շրջում, որ Սմեսովը առաջիկայում զբաղեցնելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի տեղը՝ փոխարինելով Բեռնար Ֆասիեին:





























