Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հավանության է արժանացրել «Հարավային հոսքին» գերմանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը։
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով, Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտնել Բերլուսկոնիին, որ գերմանական էներգետիկ ընկերությունները «Հարավային հոսք» գազատրանսպորտային նախագծին միանալու ցանկություն են հայտնել։ «Կցանկանայի իմանալ՝ ինչ ես մտածում այդ առումով»,- Բերլուսկոնիին ուղղված Պուտինի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Սիլիվիո Բերլուսկոնին նշել է, որ «Հարավային հոսքը» մեծ նախագիծ է, որին Իտալիան միանգամից միացավ։ «Ինչ վերաբերում է այլ կողմերի մասնակցությանը, ապա դրան դրական եմ վերաբերում»,- հայտարարել է Բերլուսկոնին։
Նշենք, որ Ռուսաստանից Եվրոպա Սեւ ծովի ընդերքով ձգվող «Հարավային հոսք» գազամուղը կունենա տարեկան 63 մլրդ խ/մ հզորություն եւ կկառուցվի 4 ճյուղերով։ «Գազպրոմը» հայտարարել է, որ նախագիծը կսկսի շահագործվել 2013-ին։ Ենթադրվում է, որ այս աշուն «Գազպրոմը» կհայտնի «Հարավային հոսքի» արժեքը։





























