Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած այցերը Հարավային Կովկաս, մասնավորապես Հայաստան եւ Ադրբեջան վկայում են տարածաշրջանում Թեհրանի քաղաքականության ակտիվացման մասին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի գործունեության ակտիվացման համատեքստում, նաեւ Իրանի շուրջ իրավիճակի սրման համատեքստում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքով, Մոսկվայի եւ Իրանի հարաբերությունների սրման, պատժամիջոցների կոշտացման մշտական սպառնալիքների ֆոնին Իրանը բնականաբար ձգտում է բարձրացնել իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, հենց դրանով էլ պայմանավորված են հաճախակի դարձած այցերը:  «Անընդհատ տարածվող լուրերը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղարարներ են տեղակայվելու, Իրանի դեմ ռազմական գործողությունների սպառնալիքները, որի ընթացքում տարածաշրջանի երկրները կարող են օգտագործվել որպես պլացդարմ Թեհրանին ստիպում են բարձրաստիճան պաշտոնյաների այցերի միջոցով ստանալ տարածաշրջանի երկրների աջակցությունը եւ, ինչու ոչ, ցույց տալ, որ ռազմական գործողությունների ժամանակ նրանց աջակցությունն անպատասխան չի մնա»,- ասել է Արեշեւը:

Նշենք, որ ներկայումս Հայաստանում է գտնվում Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին: Հոկտեմբերի 14-ին ակնկալվում է Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի այցը, իսկ հոկտեմբերի 25-ին Թեհրան է մեկնելու Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հոկտեմբերի 11-ին Ադրբեջան է այցելելու Իրանի պաշտպանության նախարար ԱհմեդՎահիդին, ակնկալվում են անեւ խորհրդարանի նախագահ Ալի ԼԱրիջանիի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի այցերը: