Մինչ Երեւանում անհանգստացած են քաղաքային պանթեոնից մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու գողության փաստով, օրերս Ախալքալաքում ջարդել են  Դերենիկ Դեմիրճյանի անվան հայկական դպրոցի ցուցանակը:Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ դպրոցն այժմ միայն համար ունի:

«Շատ հետաքրքիր զուգադիպություն է: Եւ դրանից հետո Ջավախքի հայերն ինչ պիտի ակնկալեն Հայաստանից: Եթե Ախալքալաքում վրացիները վանդալիզմ են իրականացնում հայկական մշակութային արժեքների նկատմամբ, այստեղ Հայաստանում մենք՝ հայերս ենք անում այդ վանդալիզմը»,-  ասել է Կարապետյանը՝ մեկնաբանելով Դերենիկ Դեմիրճյանի 300 կգ-անոց կիսանդրու գողության փաստը: 

Նա նաեւ նշել է, թե լուրեր են տարածվել, որ նույն ճակատագիրը բաժին է հասել Ախալքալաքի մեկ այլ հայկական դպրոցի. «Կան չճշտված տվյալներ, որ Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցը եւս զրկվել է իր անվանումից: Սակայն Ախալքալաքի վրացական դպրոցը կրում է գրող եւ հրապարակախոս Իլյա Ճավճավաձեի անունը»: 

Նշենք, որ հայկական դպրոցները Ախալքալաքում անվանվել են մեծանուն հայ գրողների անունով դեռ խորհրդային ժամանակներից: