Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 9-ին ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Նախագահի մամուլի գրանսենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրանի խորհրդարանի նախագահի այցը մեր երկիր լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության առավել արմապնդման համար: «Մեր ժողովրդի կողմից Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը դիտարկվում է որպես դարերի ընկեր, որպես վստահելի եւ մերձավոր բարեկամ: Ուրախ եմ, որ այսօր մեր հարաբերությունները լավ մակարդակի վրա են գտնվում: Մենք  կարեւորում ենք մեր երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակի երկխոսությունն ու բարձրաստիճան փոխայցելությունները»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարեւորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:

Երկուստեք կարեւորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի եւ Իրանի ջերմ հարաբերությունների ձեւավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը: