Մենք Եվրամիությունից խոստումների կատարում ենք սպասում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում: Այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է TRT Russian-ը, նրանց հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների գործընթացը չպետք է ձգձգվի: "Ես ասացի կանցլերին, որ մենք Եվրամիությունից խոստումների կատարում ենք սպասում Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում եւ ուշադրություն հրավիրեցի նրա վրա, որ մենք վճռական ենք տրամադրված այդ գործընթացն առանց դադաղեցնելու հաջող ավարտին հասցնելու հարցում: Ես նաեւ հույս հայտնեցի, որ եվրոպական երկրները կաջակցեն ահաբեկչության դեմ պայքարում, քանի որ ԵՄ-ն PKK-ն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Միաժամանակ այդ կազմակերպությունը Եվրոպայում գործում է այլ անվանումներով, ինչն ակնհայտ է դարձնում այդ հարցում համագործակցության անհրաժեշտությունը: Դրա կապակցությամբ երկու երկրների ՆԳ նախարարների համապատասխան հանձնարարականներ են տրվել",- նշել է Էրդողանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գերմանիայում Emnid  հետազոտական կենտրոնի կողմից անցկացված հարցումների համաձայն, այդ երկրում չեն ցանկանում, որ  Թուրքիան անդամակցի Եվրամիությանը: Դրա դեմ հանդես է գալիս գերմանացիների 69 տոկոսը, կողմ` ընդամենը 27 տոկոսը, հաղորդում է գերմանական Die Welt-ը:

Նշենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում միասին դիտել են Գերմանիա-Թուրքիա ֆուտբոլային խաղը, որտեղ Գերմանիայի հավաքականը 3:0 հաշվով հաղթել ` Թուրքիայի հավաքականին: