Վլադիմիր Կրամնիկը հաղթանակով մեկնարկեց «Մեծ Սաղավարտի» եզրափակիչը: Առաջին տուրում նա մրցեց Մագնուս Կարլսենի հետ, ով Համաշխարհային Օլիմպիադայում Նորվեգիայի հավաքականի հետ գրավեց ընդամենը 51-րդ տեղը: Կարլսենի անհատական արդյունքը եւս չափազանց համեստ էր` չորս հաղթանակ, մեկ ոչ ոքի, երեք պարտություն: Կարլսենը պարտվեց վրացի Բաադուր Ջոբավային, անգլիացի Մայքլ Ադամսին եւ Ռուսաստանի չորրորդ հավաքականի խաղացող, 17-ամյա Սանան Սյուգիրովին` Էլիստայից: Բիլբաոյում Կրամնիկը վստահ հաղթանակ տարավ համաշխարհային դասակարգման առաջին համարի նկատմամբ: Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի եւ աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի պարտիան ավարտվեց ոչ ոքի:
Առաջին տուրից հետո.
1. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2780) – 3, 2-3. Ալեքսեյ Շիրով (Իսպանիա, 2749), Վիշի Անանդ (Հնդկաստան, 2800) – 1-ական; 4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2826) – 0
2-րդ տուրի զույգերը. Կրամնիկ – Շիրով, Կարլսեն – Անանդ
«Մեծ Սաղավարտի» մրցաշարը ստեղծվել է 2006-ին, երբ որոշվեց մեկտեղել Լինարեսի եւ Վեյկ-ան-Զեեի ավանդական սուպերմրցաշարերը եւ Սոֆիայի մրցաշարը: Չորրորդը դարձավ Բիլբաոյի մրցաշարը, որը կարճ ժամանակում սուպերմրցաշարի մակարդակ ձեռք բերեց: Բիլբաոն միշտ հայտնի է եղել ուժեղ բաց մրցաշարերով, կույր շախմատի մրցումներով եւ մարդ-համակարգիչ մրցամարտերով:
«Մեծ Սաղավարտում» խաղում են սոֆիական մրցակարգով` ոչ ոքի առաջարկելն արգելված է. մրցավարն է որոշում դիրքի ոչ ոքի լինելը: Միավորների հաշվարկն էլ ֆուտբոլային է. հաղթանակի համար` երեք միավոր, ոչ ոքիի համար` մեկ միավոր: Անսովոր են նաեւ պայմանները: Մրցաշարն անցկացվում է Բիլբաոյի «Ալոնդիգա» մշակութային կենտրոնի հրապարակում տեղադրած ապակե ակվարիումում` ի տես բոլոր անցորդների:




























