Ամերիկյան Microsoft ընկերությունը պատրաստվում է 19.75 մլրդ դոլարի պարտքի հանձնառություն ստանձնել՝ LinkedIn գործարար սոցցանցի ձեռքբերման համար լրացուցիչ միջոցներ ստանալու նպատակով: Այս ասին հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության գնահատմամբ՝ խոսքն այս տարվա ընթացքում ԱՄՆ-ում մեծությամբ երրորդ պարտատոմսերի թողարկումը կլինի: Microsoft-ը դրանք յոթ մասնաբաժիններով է վաճառելու:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հունիսին կորպորացիան հաղորդել էր, որ LinkedIn-ի ձեռքբերման գործարքը, որն արժանացել է երկու ընկերությունների տնօրենների խորհուրդների անդամների միաձայն հավանությանը, եենթադրվում է ավարտին հասցնել այս տարվա ընթացքում: Գործարքի արժեքը 26.2 մլրդ դոլար է կամ 196 դոլար՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար:
LinkedIn-ը կշարունակի ղեկավարել Ջեֆ Վայները: «LinkedIn-ի թիմը զարմանալի բիզնես է կառուցել՝ կարողանալով միավորել ամբողջ աշխարհից մասնագետների կապերը»,- հայտարարել է Microsoft-ի ղեկավար Սաթիա Նադելլան:
LinkedIn սոցիալական ցանցը հիմնադրվել է 2003 թվականին, Քալիֆորնիայում: Հարթակը հնարավորություն է ընձեռում գործարար կապեր հաստատել: Ռեսուրսը տարբեր ոլորտների շուրջ 400 մլն մասնագետների է համախմբել:





























