Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդու վիճակը շարունակում է  մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից: Հիվանդանոցից տեղեկացրին, որ Քաջիկ Գրիգորյանի վիճակում դեռ ոչ մի դրական տեղաշարժ չկա, նրա մոտ   այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման  շրջանն է սկսվել:

Նշենք, որ Քաջիկ Գրիգորյանն այս պահին ստանում է մետադոնային բուժում,  նա ունի շնչուղիների, ձեռքերի, գլխի, մեջքի, նստատեղի, ոտքերի, կրծքավանդակի այրվածքներ:

Նշենք, որ տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55  տոկոսն այրվել է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փակել էին պողոտան եւ նստացույց էին անում, մոտ 50 տարեկան տղամարդ ինքնահրկիզման փորձ էր արել: Նրան օգնության էին հասել քաղաքացիները եւ տաքսի ծառայության մեքենայով տեղափոխել հիվանդանոց: