Գիտնականներն աշխարհի վերջ են կանխատեսում երկրի` աստերոիդի հետ բախման հետ կապված: Երկրին ժամը 101 հազար կմ արագությամբ հսկայական աստերոիդ է մոտենում, որը հայտնի է որպես 101955 «Բեննու», այն երկու հարյուրամյակից էլ պակաս ժամանակում կարող է բախվել մոլորակին, հայտնել են NASA-ից, գրում է «Զերկալո նեդելին»:
SkyNews-ը հայտնում է, որ NASA-ի մասնագետ Դանտե Լաուրետտան հայտնել է, որ 1999 թվականին աստղագետների հայտնաբերած աստերոիդը կարող է «բազմաթիվ տառապանքների եւ մահերի» պատճառ դառնալ: Գործակալության տվյալներով, երկրի` երկնային մարմնի հետ բախման հավանականությունը լրջորեն աճում է 2175-ից 2196-ի արանքում` կազմելով 1 շանս 2700-ից:
Նշվում է, որ աստերոիդի հետ բախման ուժը համարժեք կլինի 3 մլրդ տ պայթուցիկի պայթյունի: Սակայն Լաուրետան հույս է հայտնել, որ մեկ հարյուրամյակ անց գիտության զարգացման մակարդակը թույլ կտա այնպիսի միջոցներ ստեղծել, որոնք կկարողանան փոխել աստերոիդի ուղղությունը: NASA-ն մտադիր է նաեւ տիեզերական սարք օգտագործել աստերոիդի մակերեւույթի սկանավորման եւ դրա մակերեւույթից նմուշների հավաքման համար:





























