Չինաստանը Ռուսաստանին է հասել աշխատող միջուկային ռեակտորների թվով: Այդպիսով` Ռուսաստանը եւ Չինաստանը կիսել են միջուկային ռեակտորներ ունեցող  երկրների շարքում չորրորդ տեղը: Այդ մասին են վկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության   (ՄԱԳԱՏԵ) տվյալները: Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի միջուկային ռեակտորների թիվը   35 սարքավորում է, հայտնում է ՌԲԿ-ն: 

Bloomberg-ը գրում է, որ հունիսին Չինաստանն իր 35-րդ միջուկային ռեակտորն է միացրել էներգահամակարգին եւ Ռուսաստանին է հասել սարքավորումների թվով: Միայն 2016 թվականին Չինաստանը չորս ռեակտոր է միացրել:    20 միջուկային ռեակտոր էլ կառուցման գործընթացում է: Գործակալությունը նշում է, որ տասնամյակի ավարտին Չինաստանը Ֆրանսիայի դեմ կպայքարի երկրորդ տեղի համար:   

Միջուկային ռեակտորների ամենամեծ քանակությունն ունի ԱՄՆ-ն` 100 սարքավորում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, որը 58 միջուկային ռեակտոր ունի: Երրորդ տեղում Ճապոնիան է, որը 43 ռեակտոր ունի: