Հայ հեղափոխական դաշնակցության պատվիրակությունն արդեն Բաքվում է, որտեղ մասնակցելու է հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծով հանձնախմբի ժողովին:

Պատվիրակության կազմում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանն ու ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ պատվիրակության մասնակցությունը կասկածի տակ էր, քանի որ Թբիլիսիից Բաքու թռիչքի համար անհրաժեշտ ավիատոմսերը դաշնակցության ներկայացուցիչներին վաճառելու համար, «ԱԶԱԼ» ադրբեջանական ավիաուղիների Թբիլիսիի գրասենյակը պահանջել է համաձայնություն՝ ադրբեջանական դեսպանատնից կամ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից:

Այդ կապակցությամբ, Կիրո Մանոյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել էր. «Մենք որոշել ենք գնալ, մնում է, որ իրենք անհրաժեշտն անեն, որպեսզի տոմսը վաճառվի մեզ»: Նա նաեւ ընդգծել էր, որ այդ խնդրով զբաղվում է Սոցինտեռնը: