Իրանում նույնասեռ կապի համար դեռահաս է մահապատժի ենթարկվել: Նման հաստատումով հանդես է եկել Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ նրա տվյալների, Իրանում դեռահասը մահապատժի է ենթարկվել այն բանից հետո, երբ նրան մեղավոր են ճանաչել մեկ այլ տղայի բռնաբարության մեջ: Սա այս տարի դեռահասի մահապատժի առաջին հաստատված դեպքն է:

«19-ամյա Հասան Աֆշարը կախաղան է բարձրացվել Մարկազի նահանգի Արաքի բանտում հուլիսի 18-ին: Նրան մեղավոր են ճանաչել «լավաթ է բե օնֆ»-ում (տղամարդկանց միջեւ հարկադրաբար անալ սեռական ակտ) 2015-ի սկզբին: Մահապատիժը ի կատար է ածվել, թեեւ Դատական համակարգի ղեկավարի վարչությունը տղայի ընտանիքին խոստացել էր, որ գործը վերաքննվելու է սեպտեմբերին»:

«Իրանն ապացուցեց, որ անչափահասներին մահվան տանելու իր զզվելի ձգտումը՝ խախտելով միջազգային օրենսդրությունը, սահմաններ չի ճանաչում: Երբ նրան կալանավորեցին, Հասան Աֆշարը 17-ամյա ուսանողը էր: Նրան փաստաբան ունենալու հնարավորություն չի տրվել, բոլոր դատական ընթացակարգերը ոտնահարվել են: Հետաքննություն, դատ, մեղադրանք եւ մահապատժի որոշում,, ամեն բան տեղի է ունեցել երկու ամսվա ընթացքում, կարծես ցանկանում էին նրան մահապատժի ենթարկել հնարավորինս շուտ»,-հայտարարել է Amnesty International-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի փոխտնօրեն Մագդալենա Մուհրաբին:

Հասան Աֆշարի մահապատժից մի քանի օր անց իշխանությունները հայտարարել են Ալիռեզա Տաջիկիի մահապատժի իրագործման ժամկետը, որը ենթադրյալ հանցագործության ժամանակ անչափահաս է եղել: Նրա մահապատժի իրագործումը նախատեսված էր օգոստոսի 3-ին, սակայն հետաձգվել է հասարակական ճնշման ներքո: