Ուգանդայի կառավարությունը Հարավային Կորեայում ձեռք է բերել աֆրիկյան երկրի բնակիչների համակարգիչներում եւ սմարթֆոններում պոռնկագրական կոնտենտներ որոնելու համար նախատեսված սարք, փոխանցում է Newsru-ն:

Էթիկայի հարցերով նախարար Սայմոն Լոկոդոյի խոսքով՝ ԱՄՆ 88 հազար դոլար արժողությամբ սարքավորումը շուտով կհասնի երկիր եւ կսկսի աշխատել: Սարքը կսքանավորի համակարգիչներն ու սմարթֆոնները եւ դրանցում կգտնի պոռնկագրական բնույթի  լուսանկարներ, պատկերներ եւ տեսաձայնագրություններ, ինչը իշխանություններին թույլ կտա հայտնաբերել եւ պատժել իրավախախտներին: Ըստ որում՝ սքաների աշխատանքի տեխնիկական ասպեկտները չեն հստակեցվում:

Լոկոդոն այս ձեռքբերման նպատակադրության մասին ասել է դեռեւս ապրիլին: Իշխանությունները պլանավորում են այս նախաձեռնության համար մոտ 770 հազար դոլար ծախսել:

Սարքի ձեռքբերման մասին լուրը դժգոհություն է հարուցել Ուգանդայի սոցցանցերի օգտատերերի շրջանում: Նրանցից շատերը նշել են, որ երկրի իշխանությունները կարող էին այդ միջոցներն ուղղել առավել հրատապ խնդիրների լուծմանը, օրինակ՝ ամբողջ Ուգանդայում ռադիոթերապիայի միակ եւ շարքից դուրս եկած սարքի փոխարինմանը: