Ավարտվել է պետական ծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման դասընթացը, որի նախաձեռնողը «ԱրմենՏել»  ընկերությունն է (ապրանքանիշը Beeline): Այսօր` հոկտեմբերի 11-ին «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն վկայականներ է հանձնել Կառավարության աշխատակազմում եւ նախարարություններում պատասխանատու պաշտոն  զբաղեցնող պետական 15 ծառայողների:  

Ծրագրերի կառավարման սկզբունքների եւ հմտությունների ուսուցումն իրականացվել է Пи-ЭМ Эксперт միջազգային կազմակերպության վերապատրաստող Անդրեյ Վիկտորովի կողմից PMI PMBOK® ստանդարտով` PMI®  (Project Management Institute) որակի չափորոշիչներով:

«Ծրագրերի կառավարման հիմունքները շարունակաբար զարգանում եւ փոխվում են համաձայն ծրագրերի ներդրման նոր չափորոշիչների: Հույս ունեմ, որ Beeline համալսարանում իրականացվող որակավորման բարձացման  ժամանակակից այս դասընթացը  կնպաստի ծրագրերի առավել արդյունավետ կառավարմանն` ի բարօրություն երկրի»,-նշել է Կլիմկոն:

«Beeline համալսարանը, որը զբաղվում է «ԱրմենՏել» ընկերության աշխատակազմի վերապատրաստմամբ, ԱՊՀ երկրներում լավագույն կորպորատիվ համալսարաններից է եւ համապատասխանում է աշխարհում ամենաառաջատար կորպորատիվ համալսարանների  մակարդակին»,- նշել է «ԱրմենՏելի» մարդկային ռեսուրսների եւ կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:

Նշենք, որ  ՀՀ Կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված 15 պետական ծառայողներ, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի եւ ենթակառուցվածքների զարգացմամբ, 2010-ի հոկտեմբերի 7-9-ին վերապատրաստման դասընթաց են անցել Beeline համալսարանում: