Երևանի Ազատության հրապարակում նախօրեին երեկոյան հանրահավաքից հետո բերման է ենթարկվել 27 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Ըստ այդմ, բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. «Բերման է ենթարկվել 27 քաղաքացի, կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն 180.1 հոդվածի 11-րդ կետի համաձայն, այն է՝ հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը»:

Նշենք, որ նշված հոդվածի նշված կետը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 4-ի երեկոյան ի պաշտպանություն «Սասնա ծռերի» իրականացված խաղաղ երթը անցել է Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Մաշտոցի պողոտայով եւ վերադարձել Ազատության հրապարակ։ Դրանից հետո ցուցարարների մեծ մասը հեռացել է, ապա կարմիրբերետավորները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, սկսել են բերման ենթարկել ակնհայտ խաղաղ կանգնածներին։

Ընդ որում, բերման էին ենթարկում բացառապես երիտասարդ տղաների։ Ոստիկաններից եւ ոչ մեկը չի պարզաբանել իրենց արարքի դրդապատճառը՝ հորդորելով դիմել ոստիկանության լրատվության վարչությանը։