Հայաստանի եւ Վրաստանի տարածքով Իրանից Եվրոպա բեռնափոխադրումները, Թուրքիան շրջանցելով, կարող են առավել անտանգ եւ էկոլոգիապես մաքուր լինել: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել Հունական պլանավորման եւ տնտեսական հետազոտությունների կենտրոնի (KEPE) տրանսպորտային տնտեսության փորձագետ Թեոդոր Ցեկիրիսը՝ մեկնաբանելով Սեւ ծովով Եվրոպա բեռնափոխադրումների երթուղու մշակման վերաբերյալ Հայաստանի եւ Իրանի տրանսպորտի նախարարների բանակցությունները: Պլանավորվում էր երկու փորձնական կոնտեյներ ուղարկել՝ փոխադրման օպտիմալ գինը հաշվարկելու համար:

Փորձագետի խոսքով՝ Թուրքիան շրջանցող այդպիսի երթուղով մուլտիմոդալային բեռնափոխադրումները, հնարավոր է, առավել անվտանգ են եւ էկոլոգիական (քանի որ օգտվում են երկաթուղուց եւ ծովային տրանսպորտից): Ինչ վերաբերում է Բուլղարիային եւ Հունաստանին, ապա երկուսն էլ բավարար թողունակություն ունեն, այդ թվում՝ հունական Ալեքսանդրուպոլիս եւ բուլղարական Բուրգաս նավահանգիստների միջեւ եևկաթուղային հաղորդակցության շնորհիվ:

«Եթե խոսենք նույն երթուղով գազի փոխադրման մասին, ապա այն առայժմ այնքան էլ մրցունակ չէ, եւ Մերձավոր Արեւելքից մատակարարումների ամենաիրատեսական եղանակը ծովային փոխադրումն է: Եվ այս հարցում կարեւոր կետ կարող է լինել հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստում սեղմված գազի նախագծվող տերմինալը, որտեղից գազը կարելի է փոխադրել Եվրոպա: Բայց եթե խոսում ենք բեռնափոխադրումների մասին, ապա Իրանով, Հայաստանով եւ Վրաստանով երթուղին շատ խոստումնալից է»,- նշում է Ցեկարիսը: