Սան Ֆրանցիսկոյում սերֆինգի ժամանակ սրտի կաթվածից մահացել է ամերիկյան Slingbox ընկերության հիմնադիր Բլեյք Քըրքորյանը: Այս մասին գրում է Business Insider-ը:
Քըրքորյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Microsoft-ում եւ Amazonի տնօրենների խորհրդում: 2004 թվականին նա հիմնադրել է Sling Media-ն: Ընկերության ստեղծած Slingbox սարքը թույլ տվեց առցանց ռեժիմով տեսանյութը հեռուստացույցից փոխանցել համակարգիչներին կամ բջջային սարքերին, ինչը մեծ նորարարություն էր 2000-ականների կեսերի համար:
2007 թվականին արբանյակային հեռուստատեսության EchoStar Communications ընկերությունը 380 մլն դոլարով գնեց Slingbox-ը:
Քըրքորյանն ընկերությունը հիմնադրել է եղբոր՝ Ջեյսոնի հետ, իսկ սարքը նրանք ստեղծել են, որպեսզի հեռուստացույցի բացակայության պայմաններում կարողանան հետեւել նախընտրած մարզական իրադարձություններին:
«Բացի տեխնոլոգիական բիզնեսում ունակություններից՝ Քըրքորյանը հայտնի էր նաեւ որպես ընկերասեր եւ կենսասեր անձ: Նա Սան Վելլիում անցկացվող Allen & Co համաժողովների մշտական հյուրն էր եւ հաճույքով շփվում էր մամուլի հետ՝ ի տարբերություն լրատվամիջոցներից խուսափող իր բազմաթիվ գործընկերների»,- ասված է նրա մասին ակնարկում:




























