Իրանը եւ Ռուսաստանը ձեռք են բերել արբանյակ կառուցելու  համաձայնություն: Իրանի կապի նախարար Մահմուդ Վայեզին հայտարարել է «Ռոսկոսմոսի» հետ դիստանցիոն զոնդավորման իրանական ազգային արբանյակի նախագծման, մշակման եւ արձակման վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին, փոխանցում է Mehr գործակալությունը:

Վայեզին «Ռոսկոսմոսի» հետ պայմանագիր է կնքել Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ: «Ինչպես խոստացվել էր, մենք մոտ ժամանակներս կկառուցենք դիստանցիոն զոնդավորման եւ հեռահաղորդակցության ազգային օպերատիվ արբանյակ: Ներկա պահին  նախագծի իրականացման մանրամասների վերաբերյալ  բանակցություններ ենք վարում «Ռոսկոսմոս» ընկերության հետ եւ փորձում ենք համաձայնության գալ ընդունելի գնի շուրջ»,- ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ դիստանցիոն զոնդավորման արբանյակների կառուցումը շատ ժամանակ է խլում եւ չի համեմատվի փոքր ու ուսանողական արբանյակների հետ, որոնք մինչ այժմ կառուցվել են երկրում: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը հայտարարել է  փոքր չափերի արբանյակների արձակման նկատմամբ հսկողություն իրականացնելու պատրաստակամության մասին: