Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Բաքվում իր իրանցի գործընկեր Ահմեդ Վահիդիի հետ հանդիպմանը դատապարտել է Իրանի քաղաքականությունը:

Խոսելով տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հասնելու իր երկրի ձգտման մասին՝ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է, թե դա հնարավոր չէ Հայաստանի «զավթողական» քաղաքականության պատճառով:

«Դրա հիմնական պատճառը որոշ երկրների կողմից Հայաստանի զավթիչ լինելու փաստը չճանաչելն է:  Որոշ երկրներ, խոսելով Ադրբեջանի հետ եղբայրական եւ բարեկամական հարաբերությունների մասին՝ Հայաստանին տնտեսական եւ ռազմական օգնություն են ցուցաբերում»,- ասել է Աբիեւը:

Այսկերպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, փաստացի, դատապարտել է նաեւ Իրանին, որը հաջողությամբ զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: