Ռուսաստանը 2011 թվականի հունվարի 1-ից սահմանելու է կոնյակի նվազագույն գներ, տեղեկացնում է «Կոմերսանտը»։ Երեքաստղանի կոնյակի կես լիտրանոց շշի մեծածախ գինը պետք է արժենա ոչ պակաս 190-210 ռուբլուց (2290 – 2530 դրամ): Ընդ որում՝ մեծածախ առեւտուր իրացնողներն այն պետք է բաց թողնեն 165 ռուբլուց (1990 դրամ) ոչ պակաս գնով, իսկ գործարանային գինը պետք է կազմի ոչ պակաս 150 ռուբլի (մոտ 1800 դրամ)։ Նշենք, որ մինչ այդ Ռուսաստանը սահմանել էր նաեւ օղու նվազագույն գներ։

Կոնյակի թանկացումը Ռուսաստանում անտարակույս կնպաստի հայկական կոնյակի իրացմանը, որը Ռուսաստանում դասվում է համեմատաբար թանկ խմիչքների դասին։ Երեւանի կոնյակի գործարանից NEWS.am-ին խոստացան այս առումով առաջիկայում լրացուցիչ պարզաբանումներ տալ։  
Ռուսական շուկայի մասնակիցների գնահատականներով՝ կոնյակի շուկայի 30 տոկոսը ոչ լեգալ արտադրված կոնյակն է, որից ակցիզ չի վճարվում, կամ խմիչքն ընդհանրապես կոնյակ չէ։

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ 2009 թ. Ռուսաստանում վաճառվել է 11,2 մլն դեկալիտր կոնյակ, որից 2,1 մլն դեկալիտրը ներմուծվել է։

Նշենք, որ Հայաստանում եւս առկա է էժան կոնյակի խնդիրը։ Երեւանյան խանութներում այսօր էլ կարելի է գնել կասկածելի որակով ու շատ էժան կոնյակներ։ Օրինակ՝ Պռոշյանի կոնյակի գործարանի «Արա Ջան» կոնյակի կեսլիտրանոց շիշը սուպերմարկետներում վաճառվում է 1150 դրամով (մոտ 94 ռուբլի), իսկ Հոկտեմբերյանի կոնյակի գործարանի «Արմա» կոնյամը՝ 1500 դրամով (123 ռուբլի)։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս կարող է կոնյակը էժան լինել ոչ որակյալ օղուց։

Նշենք, որ Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» կոնյակների գինը սկսում է 2900 դրամից (մոտ 240 ռուբլի)։