Իրանին ԱՄՆ–ի տրամադրած 400 մլն դոլարը ոչ մի կապ չունի միջուկային գործարքի հետ։ Այս մասին Tasnim գործակալությանն ասել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Այս 400 մլն դոլարն Իրանը ստացել է դեռեւս նախքան 1979-ի հեղափոխությունը իրականացրած վճարված ռազմական պատվերների հայցային պահանջների դիմաց, եւ դրանք ոչ մի կապ չունեն միջուկային բանակցությունների հետ։ Այն, որ գումարը փոխանցել են միջուկային համաձայնագրի իրականացման մեկնարկի հետ զուտ պատահականություն է։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հեղափոխության հաղթանակից հետո չի դադարեցրել ջանքերը եւ օգտվել է ցանկացած հնարավորությունից ԱՄՆ–ում սառեցված գումարները վերադարձնելու համար։ Այս գումարը այն  միջոցների մի մասն է, որոնք վճարվել էին նախկին ռեժիմի ռազմական պայմանագրերի դիմաց»,– ասել է նա՝ հիշեցնելով, որ գումարը Իրանին վերադարձնելու մասին որոշումն ընդունվել է Հաագայի միջազգային դատարանի  կողմից։ Շամխանիի խոսքով՝ Իրանը պետք է իր հայցային պահանջներով 1 մլրդ 710 մլն դոլար ստանա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ 400 մլն դոլարը, որը ԱՄՆ–ը վճարել էր Իրանին, միջուկային ծրագրի մի մասն է կազմել։