Թույլտվությունների հետ կապված ձեւականությունները խոչընդոտում են Հայաստան համակարգիչների եւ սմարթֆոնների ներմուծմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Յունիքոմփ» ՓԲԸ (Հայաստանում համակարգչային տեխնիկայի խոշոր դիստրիբյուտոր) գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ մաքսատանը համարյա բոլոր սարքերը կարելի է ձեւակերպել որպես ծածկագրային սարքավորումներ, որովհետեւ ե՛ւ համակարգիչները, ե՛ւ սմարթֆոններն ունեն ծածկագրային սարքերի համար ընդհանուր մաքսային որակավորման ութանիշ ծածկագիր: Ռիսկի հարթության մեջ են հայտնվում ոչ միայն օպերացիոն համակարգերով սարքերը, այլ նաեւ ենթակառուցվածքային սարքերը, օրինակ՝ wi-fi ռաութերները: Այդ պատճառով բոլորի համար ստուգում է պահանջվում: «Իհարկե, սովորական համակարգչի վրա էլ կարելի է հատուկ նշանակության ծածկագրեր գրել: Բայց չէ՞ որ դա լայն սպառման ապրանք է: Այդ պատճառով անհրաժեշը է այնպես անել, որ ստուգումն առավելագույնս պարզ լինի»,- ասել է Բալդրյանը:

Եվրասիական միությունում գործող կարգի համաձայն՝  տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի  ապրանք արտահանելիս եւ ներմուծելիս պետք է թույլտվություն ստանալ, ինչպես նաեւ Ազգային անվտանգության ծառայությունից եզրակացություն այն մասին, որ բեռի տվյալ խմբաքանակում պարունակվում է միայն քաղաքացիական տեխնիկա, եւ չկան այնպիսի ապրանքներ, որոնք մտնում են ծածկագրային միջոցների բնութագրերի ծանուցումների միասնական ռեեստրի մեջ:

Սակայն հաշվի առնելով, թե որքան արագ է թարմանում համակարգչային տեխնիկան՝ ռեեստրը հասցրել է հնանալ: Իսկ այնտեղ նոթբուքի կամ պլանշետի նոր մոդելը մտցնելու համար արտադրողը պետք է դիմի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որը կարող է հարցը մի քանի ամիս քննարկել, իսկ այդ ընթացքում  մոդելը կարող է արդիականությունը կորցնել:

Հարցը, սակայն, միայն Եվրասիական տնտեսական միության մեջ չէ. ընթացակարգային մանրամասները Եվրասիական հանձնաժողովը չի սահմանում, այլ հանրապետությունների ազգային իշխանությունները: Հենց նրանք են որոշում փաստաթղթերի, փորձաքննությունների քննարկման ժամկետը եւ ցուցակը, եւ վերջապես նաեւ այն՝ հարկավոր է այդ փորձաքննությունն ընդհանրապես (Ծածկագրային միջոցների ներմուծման եւ արտահանման մասին դրույթների 7-րդ կետ):

«Արեւմուտքում ծածկագրային տեխնիկային սարքի պատկանելությունը ստուգում է մաքսատան աշխատակիցը՝ իր պատրաստվածության չափով: Եթե նա տեսնում է, որ համակարգիչները ռազմական չեն (օրինակ՝ առանց համապատասխան  քեյսի,  հակահարվածային կամ ջերմակայուն ծածկույթի), ապա ներմուծման համար թույլտվություն չի պահանջվում»,- նշում է Արմեն Բալդրյանը:

Սահմանին հայկական մաքսավորները տեխնիկան «կտոր-կտոր չեն անում», բայց անհրաժեշտ թույլտվությունը ստանալու համար ամբողջ ամիս պետք կլինի: 15 աշխատանքայի օր հարկավոր է տեխնիկայի բնութագրերի արտոնագրի համար (ծածկագրային միջոցներին պատկանելու առումով), եւս 3 օր, եթե սարքի վրա անլար կապի  սարքավորում (օրինակ՝ Wi-Fi-անտենա) կա: Եվ վերջապես՝ եւս 3 օր՝ եթե սարքավորումը Wi-Fi AC (ACN) կարգի է, որը Եվրասիական միությունում առայժմ թույլատրված չէ:

«Եվրասիական հանձնաժողովում մեզ ասացին՝ այդ ժամկետները նախատեսված են Հայաստանում, եւ ազգային կառավարությունները կարող են այն կրճատել: Այդ պատճառով այս հարցում արդեն վճռական խոսքը մեր լիազորված մարմիններինն է: Իհարկե, ինչ-որ ստուգում անրաժեշտ է, բայց 15 օրվա փոխարեն, այն, օրինակ, կարող է 3 օր տեւել: Իսկ որոշ ընկերություններ պատրաստ են նաեւ վճարել, միայն թե փորձաքննությունն արագ ընթանա: Այնպես որ՝ կարելի է ընտրության երկու ռեժիմ սահմանել՝ կամ արագ եւ վճարովի, կամ ընդհանուր ժամկետներով, բայց անվճար»,- հավելել է Բալդրյանը:

Նրա ընկերությունն այս հարցով դեռեւս 2016-ի հունվարին է դիմել Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ մոտ 2 ամիս առաջ՝ նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որոնք հարցը դեռ քննարկում են: