Այսօր մենք հարաբերություններում անկասկած նոր էջ ենք բացում, տալիս ենք եռակողմ ձեւաչափով փոխգործակցության մեկնարկը: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ չեն կարող չանհանգստացնել անկայության երկու խոշոր օջախները՝ աֆղանական եւ մերձավորարեւելյան, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի անմիջական սահմաններին մոտ են: Դրանցից բխում է միջազգային ահաբեկչության եւ անդրսահմանային հանցավորության վտանգավոր սպառնալիք՝ առաջին հերթին կապված թմրամիջոցների հոսքի, զենքի մաքսանենգության, զինյալների տեղաշարժի աճի հետ: Ես կարծում եմ, որ ահաբեկչական հարաճուն սպառնալիքը իրատեսական վտանգ է ներկայացնում, եւ անհրաժեշտ է էլ ավելի սերտ համագործակցություն կառուցել»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Իրանն արդեն սերտ երկխոսություն են հաստատել ահաբեկչությանը դիմակայելու ոլորտում:
Վլադիմիր Պուտինը կարեւորել է Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի անցկացումը: «Այսօր մենք հարաբերություններում անկասկած նոր էջ ենք բացում, տալիս ենք եռակողմ ձեւաչափով փոխգործակցության մեկնարկը: Մեր կարծիքով՝ այսպիսի ձեւաչափի պահանջված լինելն ակնհայտ է՝ երեք երկրներին էլ միավորում է տարածաշրջանային եւ համաշխարհային լայն շրջանակի հարցերում մոտեցումների համակարգման պատրաստակամությունը, նաեւ հետագայում առեւտրա-տնտեսական ոլորտում բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու ձգտումը»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով եռակողմ հանդիպմանը:
ՌԴ նախագահն ավելացրել է, որ երկրների առջեւ միանման խնդիրներ եւ մարտահրավերներ են ծառացած, ինչպես, օրինակ, տնտեսական համաշխարհային ճգնաժամը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը եւ Իրանը Ռուսաստանի համար բարի հարեւաններ եւ կարեւոր գործընկերներ են համարվում: Երկրները միմյանց հետ արդյունավետ համագործակցելու հարուստ փորձ ունեն:





























