Մոսկվան եւ Թեհրանը դիտարկում են Ադրբեջանի տարածքով Իրանի հյուսիս գազի մատակարարում կազմակերպելու եւ երկրի հարավում գազի հեղուկացման գործարան կառուցելու հնարավորությունը: Այս մասին օգոստոսի 8-ին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Բնականաբար, փոխարենը հեղուկ գազ կստանանք, որը Հարավ-Արեւելյան Ասիայի շուկաներ կգնա, որտեղ, ինչպես գիտեք, հեռանկարում գազի սպառման տեմպերի աճ է ակնկալվում»,- ասել է Նովակը:
Նա նշել է, որ նավթի ոլորտի մասով քննարկվել է ենթակառուցվածքների օգգտագործման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ Կասպից ծովում, Իրանում, Ադրբեջանում:
«Գիտեք, որ մեր ընկերությունները նույնպես մասնակցում են այդ նախագծերին: Դա նոր տեխնոլոգիաների ստեղծման եւ համապատասխան սարքավորումների արտադրության ոլորտում ջանքերի միավորում է, որն այսօր պահանջարկ ունի արտերկրում: Իրանը պատրաստ է առաջիկայում, այսպես կոչված, իրանական նավթային պայմանագիր նախապատրաստել, որի մաս կարող են կազմել նաեւ ռուսական եւ ադրբեջանական ընկերությունները»,- հավելել է Նովակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմ»-ը հետաքրքրված է Իրանի գազային ոլորտի զարգացման գլխավոր սխեմայի մշակման, այդ երկրի տարածքում արդյունահանման նախագծերին մասնակցության եւ գործարանի կառուցման հարցում: Հաղորդվում էր նաեւ, որ «Գազպրոմ»-ը չի բացառում դեպի Իրան արտահանման նախագծերի իրականացմանը մասնակցությունը:
Ըստ Ինտերֆաքսի՝ Իրանում նավթային նախագծերի շուրջ աշխատելու հարցում հետաքրքրություն են ցուցաբերել «Զարուբեժնեֆթ»-ը, «ԼՈՒԿՕՅԼ»-ը, «Ռոսնեֆթ»-ը, «Գազպրոմ նեֆթ»-ը:





























