Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հանդիպումը։

Կառավարության մամուլի ծառայությունըից NEWS.am-ին հայտնում են, որ բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում Հայաստանի վարչապետը ներկայացրել է մեր երկրի տնտեսության վիճակն ու զարգացման հեռանկարները։

Սլովենիայի նախագահի խնդրանքով Տիգրան Սարգսյանը ներկայացրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած միջոցառումները։ Անդրադարձ է արվել մեր երկրում իրագործվող բարեփոխումների, մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին։

Զրուցակիցները քննարկել են տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Այդ համատեքստում կարեւորվել է Երեւանում հայ եւ սլովենացի գործարարների մասնակցությամբ անցկացվող համաժողովը եւ ընդգծվել է զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի օգտագործման անհրաժեշտությունը։

Սլովենիայի նախագահը խոսել է իր երկրում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման կարեւորության մասին։ Հատկանշական է, որ մի շարք միջոցառումներ նախագահ Թյիրկը պատվել է իր անձնական ներկայությամբ։