Հոկտեմբերի 10-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի 1-ին գումարտակի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 26-ամյա Արտավազդ Ծ.-ին: Նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8 սմ շեղբի երկարության դանակ` արյան հետքերով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արտավազդ Ծ.-ն հայտարարել է, որ «Վերնիսաժ» տոնավաճառում դանակահարելով փորձել է սպանել Արտաշես Վ.-ին:

Նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի կտրած վերք» եւ «պարանոցի աջ եւ կրծքավանդակի ու որովայնի մասերում ստացած կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են տեղափոխվել 25-ամյա Հայկ Հ.-ն և Արտաշես Վ.-ն:

Հայկ Հ.-ն իրավապահներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 18.30-ին, վերը նշված վայրում իրենց դանակահարել է Արտավազդ Ծ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արտաշես Վ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: