Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը ունի ավանդական դառնալու բոլոր շանսերը։ Բացառված չէ, որ այդ եռյակին կարող է միանալ Թուրքիան, ինչի մասին արդեն ակնարկել են Թեհրանում։ Բաքվում հանդիպման ավարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկեց հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Թեհրանում։ Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց հանդիպման կարեւորությունը եւ հայտարարեց, որ իրենք, անխոս, բացում են հարաբերությունների նոր էջ, տալիս ենք եռակողմ ձեւաչափով փոխհամագործակցության մեկնարկ։

Հանդիպում Բաքվում. էներգետիկա, Կասպից ծով, ահաբեկչություն

Հանդիպման  հիմնական թեմաները, ըստ գագաթնաժողովի պաշտոնական օրակարգի, եղել են էներգետիկան, Կասպից ծովն ու ահաբեկչության դեմ պայքարը։ Բոլոր այդ հարցերը արձագանք են գտել գագաթնաժողովի հռչակագրում, որը ստորագրել են նախագահները հանդիպման ավարտին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն առաջարկել է ստեղծել էներգետիկ միջանցք Բաքվի, Մոսկվայի եւ Թեհրանի միջեւ։ Ռուսաստանն ու Իրանն արդեն դիտարկում են Ադրբեջանի տարածքով Իրանի հյուսիս գազի հնարավոր փոխանակային մատակարարման կազմակերպումն ու երկրի հարավում խազի խտացման գործարանի շինարարությունը։

Երկրների նախագահները պայմանավորվել են ուսումնասիրել Կասպից ծովում համագործակցության զարգացման հնարավորությունները եւ ահաբեկչության դեմ պայքարում երկխոսության հաստատումը։ «ԿՊ»–ի փոխանցմամբ՝ հարցը, որը վերաբերում է 3 երկրներին Իրանից Ադրբեջանի տարածքով մինչեւ Ռուսաստան հասնող երկաթուղու շինարարությունն է։ «Հյուսիս–Հարավ» այդ միջանցքը ստեղծելու համար այդքան էլ շատ բան պետք չէ՝ մասնակիցների կամքը եւ ռուս–ադրբեջանական գիծը Իրան հասցնելը՝ 200 կմ–ից էլ պակաս։ Կողմերից ոչ մեկը առարկություններ չունի։ Ընդհակառակը, ամեն մեկը պնդում է, որ մայրուղին մրցակցություն կստեղծի Պարսից ծոցից Եվրոպա բեռների մատակարարման ուղիների համար։

Պուտին-Ռոհանի

Հանդիպման նախաշեմին ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ քննարկվելու է երկու երկրների ռազմական համագործակցության ընդլայնման հարցը: Դրանից բացի,  Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իբրահիմ Ռահիմփուրը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ Թեհրանը քննարկելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օգնելու հնարավորության հարցը:

«Կարծում եմ, որ թե՛ Ռոհանին, թե՛ Պուտինը պատրաստ են օգնություն տրամադրել պարոն Էրդողանին, սատարել նրան: Կառավարությունը պետք է ժողովուրդն ընտրի, այլ ոչ թե այլ երկրներն ու այլ ուժերը: Այն օգնությունը, որ կարող են ցույց տալ Պուտինն ու Ռոհանին, չեն կարող ցույց տալ արաբները կամ արեւմտյան տերությունները: Մեր տարածաշրջանը Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ լավ փոխհարաբերությունների կարիք ունի»,- նշել է նա՝ հավելելով, որ այլ հանգամանքների պայմաններում Էրդողանն անկասկած կմասնակցեր այս հանդիպմանը:

Թուրքիայից բացի, նախագահների քննարկման թեմաներից մեկն էլ եղել է Սիրիան: Ռոհանին նշել է, որ Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը դրական է: «Հաշվի առնելով մեր երկու առաջնորդների վճռականությունն ու կամքը՝ ՌԴ հետ երկկողմանի հարաբերությունները վերջին երկու տարիներին լավագույն տեմպ են ունեցել»,- ասել է նա:

Ղարաբաղ

Ղարաբաղի հարցը նույնպես քննարկվեց Պուտին–Ալիեւ–Ռոհանի հանդիպման ժամանակ։ Իրանի նախագահը կողմ արտահայտվեց խաղաղ կարգավորմանը՝ պաշտպանելով, եթե հավատանք ադրբեջանական լրատվամիջոցներին, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»։  Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն ուզում է օգնել կողմերին «փոխզիջումային լուծում» գտնել՝ նշելով, որ այդ հարցում հաղթողներ լինել չեն կարող։ Նրա խոսքով՝ հաղթող պետք է լինեն երկու երկրների ժողովուրդները։ Ալիեւը Պուտինին շնորհակալություն է հայտնել  ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ ակտիվ մասնակցության համար։

Ակնհայտ է, որ գագաթնաժողովի շատ հարցեր կքննարկվեն Պուտին–Էրդողան հանդիպման ժամանակ։ Եվ եթե Մոսկվան եւ Անկարան կարողանան հաղթահարել տարաձայնությունները, ապա հաջորդ գագաթնաժողովն, ամենայն հավանականությամբ, կկայանա արդեն «քառյակ» ձեւաչափով։