2016 թվականի սեպտեմբերին Երեւանի պետական համալսարանում կբացվի «Արմսոֆթ» ընկերության ուսումնական ծրագիրը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ ծրագրավորող բակալավրերի համար ուսումնական ծրագիրը մշակել են ձեռնարկության մասնագետները:
«Կարիք չկա բացատրելու, թե ուսումնական ծրագիրը որքանով կհարմարվի աշխատանքի շուկային, եթե այն ձեւավորելուն օգնում է գործատուն: ԵՊՀ հետ մենք արդեն հուշագիրը ստորագրել ենք: Ծրագիրը կգործի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, որտեղ ծրագրավորում են սովորեցնում: Իսկ առաջին հոսքում 45 ուսանող կլինի»,- հայտարարել է Խաչատրյանը:
Ընկերությունը մագիստրատուրան ավելի ուշ կպատրաստի, սակայն ցանկանում է նրան ոչ այնքան ծրագրավորման ուղղվածություն տալ, որքան ՏՏ ոլորտի բիզնեսի: Հիմնական գաղափարն այն է, որ տաղանդավոր ծրագրավորողները կարողանան մնալ երկրում: Իսկ դրա համար, ըստ Խաչատրյանի, ցանկալի է, որ նրանք ոչ միայն ծրագրավորել կարողանան, այլեւ սեփական գործը վարել:





























