NASA-ն փորձում է վերադարձնել Apollo 11-ի անգին արտեֆակտը, որն անցյալ տարի վաճառվել է տեխնիկական սխալի պատճառով: Խոսքը պայուսակի մասին է, որը նախատեսված էր 1969 թվականին Լուսնից նմուշներ հավաքելու համար: Պայուսակը ընդամենը 995 դոլարով վաճառվել է Իլինոյսի բնակչուհի Նենսի Կարլսոնին, եւ այժմ տիեզերական գործակալությունը փորձում է վերադարձնել սեփականության իրավունքը:

Գործակալությունում պնդում են, որ պայուսակը տեխնիկական սխալի պատճառով է վաճառվել, որը հայտնաբերվել է միայն այն ժամանակ, երբ գնորդը NASA-ին է դիմել պայուսակի բնօրինակ լինելը հաստատելու խնդրանքով: Գործակալությունից նշել են, որ պայուսակը «անգին արտեֆակտ է եւ փաստորեն ազգային արժեք»: Իր հերթին Նենսին հակընդդեմ հայց է ներկայացրել NASA-ի դեմ՝ գնումը վերադարձնելու համար:

SkyNews-ի տեղեկություններով՝ Apollo 11-ի տիեզերագնացներ Նիլ Արմսթրոնգը եւ Բազ Օլդրինը 1969-ին հենց այդ պայուսակի մեջ են հավաքել  Լուսնի մակերեւույթի նմուշները: Մինչ օրս պայուսակի մեջ պահպանվում են լուսնային «աղբի» մնացորդներ: