Հայուհի Էննի Սաֆոյանը եւ իր ընտանիքը կառավարում են SADA Systems ՏՏ ընկերությունը, որը Google եւ  Microsoft ընկերությունների վերավաճառող է եւ որոշ հաշվարկների համաձայն, այս տարի 65 մլն դոլար կվաստակի:

1987-ին 32-ամյա Էննին Լոս Անջելես է տեղափոխվել ամուսնու` Հովիկի եւ որդու` Տոնիի հետ: Այն ժամանակ նա չէր կարող նույնիսկ պատկերացնել, որ նման հաջողության կհասնի, գրում է   «Business Insider»-ը: Նրա անգլերենը միջին մակարդակի էր, նա տեխնիկական կրթություն չուներ եւ ընդհանրապես անհասկանալի էր, թե ինչպես են ապրուստ վաստակելու նոր երկրում: Նախ Էննին հաշվապահության դասընթացների է գնացել, սակայն այդ աշխատանքը նրան դուր չէր գալիս:  Հետագայում նա հետաքրքրվեց վեբ-դիզայնով եւ սովորեց վեբ էջեր պատրաստել: Ամուսինը ծրագրավորողի աշխատանք գտավ: Դանդաղորեն, բայց հետեւողականորեն, նրա աշխատասիրությունը հաճախորդներին մղում էր նրան խնդրել, որ գնալով ավելի շատ տեխնիկական աշխատանք անի:  Նրանցից մեկը նրան խնդրեց փոխել հաշվապահական հաշվառման ծրագրային ապահովումը: Նա օգտվեց ամուսնու աջակցությունից եւ այդպես նրանք տեխնոլոգիական ընկերություն հիմնեցին`    SADA Systems-ը, որը զբաղվեց համակարգերի եւ փոքր բիզնեսի համար ցանցերի կառավարմամբ: 

Նրա խոսքով, ընկերության համար հաջող էր 2007 թվականը, երբ Google-ը նրանից օգնություն խնդրեց Google Apps-ի համար: Google-ից նաեւ ցանկացան, որ SADA-ն գործիք ստեղծի, որը հաճախորդներին թույլ կտար էլեկտրոնային փոստը եւ փաստաթղթերը հեշտորեն տեղափոխել   Google Apps: Նա համաձայնեց, առանց որեւէ փոխհատուցման, գործընկեր դառնալու պայմանով, որը հավելվածներ կվաճառեր: Մինչ  այժմ Սաֆոյանը չգիտե, թե    Google-ն ինչպես է գտել իրենց:

Դրանից հետո Microsoft ընկերությունը SADA Systems-ին համոզեց նրանց վերավաճառողը դառնալ Office 365-ի համար: Երկու ընկերությունն էլ ցանկանում էին, որ SADA-ն գողանա այլ ընկերության հաճախորդներին եւ բերի իրենց մոտ, բայց Էննին կտրականապես մերժեց:   

Այդպիսով, աշխատելով երկու հսկաների հետ, ընկերությունը աշխատանք է տրամադրում  150 պրոֆեսիոնալի, իսկ տարեկան եկամուտն այս տարի կհասնի 65 մլն դոլարի: Միաժամանակ ընտանիքը հրաժարվում է վաճառել ընկերությունը, չնայած դրա դիմաց հարյուրավոր միլիոններ են տալիս: Ամուսինների որդին գլխավոր գործադիր տնօրենն է եւ նրանք նրան համոզում են չանել դա:  «Եթե մենք վաճառենք ընկերությունը եւ բանկային հաշվում ավելի շատ փող ունենանք, միեւնույն է` կցանկանանք ինչ-որ բանով զբաղվել: Իմ տղան շատ երիտասարդ է:  Մենք մինչ օրս այնքան տարված ենք այդ տեխնոլոգիայով: Այստեղ երբեք ձանձրալի չի լինում եւ ամեն օր այնքան հետաքրքիր է: Էլ ինչո՞ւ վաճառենք» հարց է տալիս Էննին: