ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, Եվրաինտեգրացման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում անդրադարձել է Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում շվեդ պատգամավոր, Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի պահվածքին եւ նշել, որ Մոնիտորինգի հանձնաժողովում էլ դատապարտել են նրան:
«Նիստի ընթացքում բացահայտ մեղադրանքներ հնչեցին Լինդբլադի հասցեին: Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Դիկ Մարտին ուղղակի ասաց՝ դուք չեք ընտրվել, եւ մեզ համար անհասկանալի է ձեր համառությունը. նույնիսկ եթե գնաք Հայաստան, միեւնույն է, Ձեր աշխատանքը կիսատ է մնալու, որովհետեւ ձեր լիազորությունները 7-8 օրից ավարտվում են, եւ մենք լուրջ հիմքեր ունենք կասկածելու ձեր մղումների անկեղծությանն ու անաչառությանը:
…Ի վերջո, հանձնաժողովում կան պրոֆեսիոնալ պատգամավորներ, եւ բոլորին զայրացրել էր Լինդբլադի նամակը Դ.Հարությունյանին, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունները խոչընդոտում են իր այցին, որովհետեւ ուզում են ունենալ պակաս անկախ եւ անաչառ համազեկուցող: Սա իսկապես վիրավորել էր հանձնաժողովի անդամներին, եւ Պրեսկոտի դիտողությունն այդ առումով շատ տեղին էր:
Իր այդ քայլով Գորան Լինդբլադը հաստատեց, որ, այո, ինքը պատվեր էր կատարում՝ ուներ ստանձնած պարտավորություններ, եւ քանի որ թուրք-ադրբեջանական լոբբիի ծրագրերը տապալվեցին՝ չկարողացավ վերընտրվել, չնայած Շվեդիայի թուրքական եւ ադրբեջանական համայնքների գործադրած ջանքերին, ուզում էր գոնե մի անգամ էլ՝ մինչեւ հոկտեմբերի 16-ը, «քիթը խոթել» Հայաստան իր պարտքը մասամբ հատուցելու համար»,- նշել է Զոհրաբյանը:





























