Լանքասթերի համալսարանի հետազոտողները պնդում են, որ համացանցին միացված էլեկտրոնային սարքերի թվի մեծացումը կարող է հանգեցնել տեղեկությունների եւ էլեկտրաէներգիայի սպառման՝ գործնականում անսահմանափակ աճի: Այս մասին հաղորդում է RSN-ը:

Մեծ Բրիտանիայի հաղորդակցությունների վարչության տվյալներով՝ միջին ընտանիքի կողմից ամսական սպառվող թրաֆիքի ծավալը 2011 թվականի 17 ԳԲ-ից 2015-ին հասել է 82 ԳԲ-ի: Ericsson եւ Cisco ընկերությունների տվյալներով՝ չնայած բջջային սարքերով անցնող թրաֆիքի ծավալը սովորաբար փոքր է, այն մի քանի տարին մեկ երկու անգամ աճում է:

Չնայած էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման հաջողությանը, տեղեկությունների ծավալի աճը հանգեցնում է նաեւ էներգիայի օգտագործման մեծացման: Վերջին գնահատականների համաձայն՝ համացանցն սպառում է էլեկտրաէներգիայի համաշխարհային ծախսի գրեթե 5 տոկոսը, եւ այդ մասնաբաժինն աճում է:

Հետազոտողները կարծում են, որ հարկ է լրջորեն մտածել, թե ինչպես կարելի է սահմանափակել տեղեկությունների քանակության աճը: Առայժմ պարզ չէ՝ ինչպես են այդ սահմանափակումները սահմանվելու, սակայն որոշ առաջարկությունների մեջ ներառված է քվոտայի սահմանումը եւ համացանցային ծառայությունների համար թրաֆիքի վճարումը, որոնք տեղեկությունների ամենաակտիվ արտադրողներն են: