Տուլայում հայկական ավտոբուսի վթարի գործով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված Գառնիկ Հարությունյանի փաստաբանները բողոքարկել են դատավճիռը:
«Բողոք ենք ներկայացրել, նիստի օր դեռ չի նշանակվել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հայ վարորդի փաստաբաններից Ռուբեն Կիրակոսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել վթարի ենթարկված՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի հայ վարորդին:
Հիշեցնենք, որ վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:





























