Հոկտեմբերի 11-ին Բաքվում մեկնարկած Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովում, որին մասնակցում է նաեւ ՀՅԴ պատվիրակությունը, ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը:
Նա իր ելույթում մասնավորապես ասել է. «Մենք մասնակցում ենք Սոցինտերնի ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովին`ներկայացնելով մեր կուսակցությունը, իմ պարագայում` իբրեւ Սոցինտերնի ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի համանախագահ: Այս կարեւոր ժողովին մեր ներկայությունը մեկ անգամ եւս ամրապնդում է մեր այն հավատը, որ պետական մակարդակով բանակցային գործընթաց որքան էլ կարեւոր է, այնուհանդերձ կուսակցությունները այս գործում, լինեն ընդդիմադիր թե իշխանամետ, իրենց դերակատարությունը կարող են ունենալ: Սոնցինտերնը այն ֆորումն է, որտեղ գործընթացները կարելի է առաջ տանել, քանի որ այս կազմակերպության հիմնական նպատակը տարաձայնություններին, կոնֆլիկտներին արդար լուծում գտնելն է: Մեր պատվիրակությունը պատշաճ կերպով ներկայացավ ու հայտնեց բանակցային գործընթացի առնչությամբ իր տեսակետը, նաեւ` Սոցինտերնից իր ակնկալիքները: Դժբախտաբար, մեզանից անկախ ծագած` Ադրբեջան մուտքի արտոնագրային որոշ խնդիրների պատճառներով չկարողացանք մասնակցել ժողովի առաջին կեսին: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Սոցինտերնի գլխավոր քարտուղարը ժողովն ընդհատել էր, մինչեւ կլուծվեր մեր հարցը: Եվ այդպես, մեր հարցն արագացվեց, եւ մենք կարողացան մասնակցել խորհրդաժողովին»:
Հիշեցնենք, որ Սոցինտերնի Ժողովին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, Մարիո Նալբանդյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից, հոկտեմբերի 11-ի առավոտյան Ժողովը բացվել եւ անմիջապես ընդմիջվել է, քանի որ հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանի Ադրբեջան մուտքի արտոնագրի հետ կապված «խնդիրներ են ի հայտ եկել», որոնք լուծվելուց հետո ժողովը շարունակել է աշխատանքը: Ծագած խնդիրը Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը ներողամտորեն համարել է «տեխնիկական սխալ»:





























