Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Տու-22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչների տեղակայումն Իրանում: Միաժամանակ նշվում է, որ դրանք արդեն օդ էն բարձրացել Համադան օդանավակայանից եւ հարվածներ են հասցրել Սիրիայում  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:

«2016 թվականի օգոստոսի 16-ին Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները եւ Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչները, ռումբային լիակատար ծանրաբեռնվածությամբ օդ բարձրանալով տեղակայման Համադան օդանավակայանից (Իրանի Իսլամական Հանրապետություն), խմբային ավիացիոն հարված են հասցրել  «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին Հալեպ, Դեյր էզ Զոր եւ Իդլիբ նահանգներում», — ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հարվածները հասցվել են Սերաքաբ, Էլ-Բաբ, Հալեպ եւ Դեյր էզ Զոր բնակավայրերի շրջանում գտնվող գրոհայինների սպառազինության, զինամթերքի եւ վառելիքաքսուքային նյութերի պահեստներին եւ նախապատրաստական ճամբարներին: