Google-ը տեսազանգերի համար նոր հավելված է գործարկել   Duo անվանումով: Նման եղանակով ընկերությունը պատասխանել է մրցակիցների մշակումներին` Apple-ի  FaceTime ծառայությանը,  Microsoft-ի  Skype-ին եւ Facebook մեսենջերին, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:  

Հավելվածի ֆունկցիոնալը շատ առումներով կրկնում է նման ծառայությունների մշակումները: Միակ տարբերությունն այն է, որ Duo-ն   զանգող մարդու խցիկից փոխանցվող պատկերը ցուցադրում է ավելի շուտ, քան կհասցնեն պատասխանել զանգին: 

Google-ը կարծում է, որ այդ առանձնահատկությունը օգտատերերի համար կհեշտացնի որոշում կայացնելը` պատասխանել զանգին, թե ոչ: Google-ը նոր հավելվածի ստեղծման մասին հայտնել էր դեռեւս մայիսին, բայց ծառայությունը գործարկել է այժմ միայն:   

Duo ծառայությունն աշխատում է ինչպես Android հարթակի, այնպես էլ Apple սմարթֆոնների վրա: Զանգերը պաշտպանված են գաղտնագրերով, իսկ տեսագրության որակը փոխվում է` կախված միացման արագությունից, նշում են Google-ում: Ինչպես եւ FaceTime հավելվածում` iOS-ի վրա,  Duo-ով զանգելու համար անհրաժեշտ է իմանալ միայն բաժանորդի հեռախոսահամարը:   

Այլ ծառայությունների օգտագործման դեպքում (օրինակ` Facebook մեսենջերի) երկու օգտատիրոջն էլ անհրաժեշտ էր մտնել հավելվածում իրենց էջ, որպեսզի օգտագործեն տեսազանգերի գործառույթը:   

Google-ն արդեն ունի տեսազանգերի Hangouts ծառայություն, որը գործարկվել է 2013 թվականին: Բայց ընկերությունն այժմ այդ ծառայությունն ավելի շատ դիրքավորում է որպես գործարար բանակցությունների գործիք:  Իսկ Duo-ն ներկայացվել է որպես ընկերների եւ ընտանիքի հետ կապի ավելի պարզ եւ հուսալի միջոց:

Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս Google-ը եւս մեկ հավելված կգործարկի: Խոսքը    Allo մեսենջերի մասին է:

Նոր մեսենջերը պատասխաններ կառաջարկի զրուցակցի հարցերին: Օրինակ, եթե զրուցակիցը շան լուսանկար ուղարկի, հավելվածը կառաջարկի գրել.  «Լավ  շուն է»:

Google-ի ներկայացուցիչների խոսքով, Allo-ում բոլոր հաղորդագրությունները գաղտնագրված կլինեն: Օգտատերերին մատչելի կլինի  Incognito mode  ռեժիմը` գաղտնի չաթեր` անհետացող հաղորդագրություններով: Դրանով մեսենջերը հիշեցնում է Telegram հավելվածի նմանատիպ գործառույթը:

Օգտատերերը կկարողանան շփվել նաեւ  Google Assistant վիրտուալ օգնականի հետ եւ նրա հետ տարբեր խաղեր խաղալ: Google Assistant-ը կարող է նաեւ բավականին բարդ խնդիրներ լուծել, օրինակ` օգնել երեկոյան դիտման ֆիլմեր ընտրել եւ կինոյի տոմսեր գնել: