Մոսկվան Հայաստանին գրեթե նույնպիսի սպառազինություն է մատակարարում, ինչ նախկինում գնել է Ադրբեջանը: Այս մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում հայտարարել է  «Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը: Նա նշել է, որ այդ մատակարարումներն անկասկած ռազմական հավասարակշռությունը կլավացնեն հօգուտ Երեւանի, սակայն, միեւնույն է, Բաքուն որոշակի գերակշռություն կպահպանի:

«Չափազանց մեծ է Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը: Այս հարցում բարդ է պարիտետի մասին խոսելը: Միայն հնարավոր է առանձին ներդրումներով խզումը ծայրահեղ չափի չհասցնել»,- նշել է ռազմական փորձագետը:

Անդրեյ Ֆրոլովի պարզաբանմամբ՝ մեծ նշանակություն ունեն առաջին հերթին «Սմերչ»-ի մատակարարումները: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ենթատեքստում այն ենթառազմավարական զենք է՝ հաշվի առնելով կրակի հեռավորությունը, քանի որ «Սմերչ»-ը կարող է արդյունավետ լինել զրահատեխնիկայի շարասյան, բազաների եւ պահեստների դեմ օգտագործելիս: Նշված սպառազինության մատակարարումը անկասկած հայերին կուժեղացնի: Դա կնպաստի տարածաշրջանում ուժերի պարիտետին»,- ասել է Ֆրոլովը:

Հիշեցնենք, որ 2010-2011 թվականներին ստորագրված պայմանագրերի շրջանակում ՌԴ-ն Ադրբեջանին մատակարարել է ընդհանուր մոտ 4 մլրդ դոլար գումարի «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», Տ-90 տանկեր, հարվածային ուղղաթիռներ եւ հարձակողական այլ սպառազինություն: