Ռուսական օդատիեզերական ուժերի կողմից Իրանի Համադան ավիաբազայի օգտագործումն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում: Ըստ Gazeta-ի՝ այս մասին գրում են արեւմտյան լրատվամիջոցները:
Ըստ Financial Times-ի՝ այդ քայլը ոչ միայն կմեծացնի Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, այլեւ կուժեղացնի Մոսկվայի հետ սիրիական ռազմարշավի համակարգման հարցում Վաշինգոնի վրա ճնշումը: Բացի այդ, դա լոգիստիկ առավելություն ունի. բազայի օգտագործումը թույլ կտա զգալիորեն կրճատել այն տարածությունը, որը ստիպված են անցնել ռուսական ռմբակոծիչները:
Չնայած նորագույն պատմության մեջ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առճակատումներին՝ Թեհրանը, ըստ FT-ի, նույնպես շահագրգռված է Մոսկվային իր վաղեմի թշնամի Վաշինգտոնի դեմ որպես «փոխզիջում» օգտագործելու հարցում:
The Telegraph-ի կարծիքով էլ, այն, որ Իրանը 1979 թվականից ի վեր առաջին անգամ օտար տերությանը թույլ է տալիս ռազմական գործողություններ անցկացնել իր տարածքից, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պահպանման համար պայքարող Մոսկվայի եւ Թեհրանի միության վառ ցուցադրություն է:
Բացի այդ, հիմա ռուսական զինված ուժերը ներկայություն ունեն Մերձավոր Արեւելքի երկու երկրներում, մինչդեռ նախկինում միայն ոչ մեծ ռազմածովային բազա ունեին Սիրիայում:
The Guardian-ը նույնպես նշում է Սիրիայի հարցով ռուս-իրանական համագործակցության զգալի առաջընթացի մասին: Պարբերականը ներկայացնում է Լոնդոնի Միացյալ զորքերի թագավորական ինստիտուտի առաջատար փորձագետ Շաշանք Ջոշի կարծիքը, որը տեղի ունեցածն «աննախադեպ» է կոչել:
«Նավթային հողում օտարերկրյա ուժերին ընդունելու պատրաստակամությունը մեծ քաղաքական եւ դիվանագիտական քայլ է: Ինչպես մյուս երկրները, այդ թվում՝ Հնդկաստանը, Իրանը միշտ պատմականորեն դեմ է եղել իր տարածքում ցանկացած օտար ուժերի տեղակայմանը»,- հայտարարել է նա:





























