Հոկտեմբերի 11-ին ինտերնետային YouTube կայքում տարածված տեսանյութի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը տեղեկացնում է, որ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը հոկտեմբերի 12-ին ազատվել է աշխատանքից:
Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ դպրոցի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
«Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նյութը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հրավիրված խորհրդակցությունում: Բոլոր տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցներում մանկավարժին ոչ վայել դրսեւորումները բացառելու ուղղությամբ:
Ցավալի այս միջադեպը եւս մեկ առիթ է մտորելու, թե որքան անելիքներ ունեն դպրոցներում թե ուսուցիչները, թե իրենց երեխաներին դպրոց ուղարկող ծնողները»,- ասված է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում հոկտեմբերի 11-ին տարածվել է YouTube-ում տարածված մի տեսանյութ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է ուսուցիչը ծեծում աշակերտին՝ հայհոյանքներ տեղալով երեխայի հասցեին։ Աշակերտի հասցեին մանկավարժի խոսքերն են. «Կտամ մատերս կմտնի մեջդ, ուռո գլուխ, դեբիլ...»:
Պուշկինի անվան 8-րդ դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ այդ դեպքը եղել է անցած տարի մարտ ամսին, պատմության դասաժամին, որից հետո դպրոցի ղեկավարությունը դատապարտել է այդ արարքը, իսկ «հերոս» ուսուցիչը ներողություն է խնդրել, սակայն աշխատանքից չի ազատվել: Նա նշել էր նաեւ, որ բռնությունը կիրառվել է 8-րդ դասարանի աշակերտի նկատմամբ: Այդ ուսուցչի անունն է Էդուարդ Եվգենիի Գեւորգիզով:




























