Վլադիկավկազում ահաբեկչության կազմակերպիչը եղել է չեչեն գրոհայինների առաջնորդներից մեկի՝ Դոկու Ումարովի մերձավոր զինակից Իսսա Խաշագուլգովը:

Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

Նրա խոսքով, ահաբեկչությունը բացահայտվել է:

«Պայթյունի անմիջական իրականացնողները եղել են ավազակախմբի անդամներ Ա.Դաուրբեկովը, Մ.Լատիրովը եւ Խաշագուլգովի եղբայրը»,- ասել է Բորտնիկովը:

Վերոնշյալ բոլոր անձինք ձերբակալվել են, եւս երկու անձ սպանվել է ձերբակալության ժամանակ, ասել է Բորտնիկովը:

Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, սեպտեմբերի 9-ի առավոտյան մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր ականապատված մեքենան` Վլադիկավկազի շուկայի մոտ: Զոհվել էր 19 մարդ, այդ թվում՝ չորս հայ: տուժածների թիվն անցել էր 160-ից: