Տուլայի դատախազությունը բողոքարկել է Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսի վարորդի՝ Հայաստանի քաղաքացի Գառնիկ Հարությունյանի դատավճիռը, որին մեղավոր են ճանաչել մարդկանց մահվան հանգեցրած ճանապարհա-տրանսպորտային պատահարի մեջ: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ մարզային դատախազի օգնական Լյուբով Կուզնեցովան նշել է, որ վճիռը բողոքարկվել է՝ չափազանց մեղմ պատիժ սահմանելու համար:

Օգոստոսի 2-ին Տուլայի մարզի Ուզլովսկի քաղաքային դատարանը Հարությունյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկմամբ՝ 3 տարով տրանսպորտային միջով վարելու իրավունքից զրկմամբ:

Դատարանը մեղմացուցիչ հանգամանք է համարել այն, որ մեղադրյալը վթարից անմիջապես հետո օգնություն է ցուցաբերել ուղեւորներին:

Հիշեցնենք, որ Տուլայի մարզում ողբերգական վթարը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 3-ին։ Վթարի հետեւանքով 9 մարդ է զոհվել, 7-ը՝ ծանր վնասվածքներ ստացել։ Մոսկվային Երեւան ուղեւորվող ավտոբուսում 59 ուղեւոր եւ 2 վարորդ է եղել, բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներ: Հարուցվել էր քրեական գործ «ճանապարհային երթեւեկության կանոնները եւ փոխադրամիջոցի շահագործման կանոնները խախտելու» հոդվածով։

Հետաքննության նյութերի համաձայն՝ Գառնիկ Հարությունյանը, տեխնիկապես անսարք ավտոբուս վարելով, մայրուղով ընթացել է թույլատրելի արագության գերազանցմամբ:

Հայաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 245 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: