Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ս. Թարգմանչաց տոնի առիթով կազմակերպված թարգմանության մրցույթին մասնակցած Երեւանի պետական համալսարանի հիսուն ուսանողների:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը եւ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը` Գարեգին Բ-ին են ներկայացրել նախաձեռնության մասնակիցներին:

«Շատ կարեւոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, որովհետեւ դրանց միջոցով վերադառնում եք մեր հայրերի ավանդույթներին, հաղորդակից դառնում նրանց ստեղծած արժեքներին: Միայն մեր ակունքներին վերադառնալով է, որ կպահպանեք մեր ինքնությունն ու դիմագիծը»,- նշել է կաթողիկոսը` շնորհավորելով մրցույթի հաղթողներին ու մաղթելով, որ լինեն արժանավոր եւ պիտանի հայորդիներ մեր ազգի եւ հայրենիքի համար:

Նա պատասխանել է նաեւ ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին Հայ եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերներին, թեմական եւ միջեկեղեցական կյանքին, Եկեղեցու վարդապետությանը եւ հոգեւոր բարեպաշտական սովորություններին:

Հանդիպման ավարտին մրցույթի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացել հոգեւոր մշակույթի գանձերին: