Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կազմում ստեղծվում են միգրացիոն ռեսուրս կենտրոններ: Դա տեղի է ունենում «Անկանոն միգրացիայի կանխարգելում եւ կանոնավոր միգրացիայի խթանում Հայաստանում եւ Վրաստանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) Հայաստանյան առաքելության հետ 2010-ի ապրիլի 4-ին կնքված փոխընբռնման հուշագրի հիման վրա:

Ծրագրի շրջանակներում Էրեբունու տարածքային կենտրոնում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ եւ ՄՄԿ համագործակցությամբ տեղայնացվում է միգրացիոն ռեսուրս կենտրոնը, որի նպատակն է տեղեկացնել, կողմնորշել եւ վերապատրաստել արտերկիր մեկնել եւ արտերկրում աշխատել նախապատրաստվող անձանց: Ծրագիրը նպատակաուղղված է հզորացնել միգրացիոն քաղաքականությունները, օրենսդրական շրջանակները եւ կառավարման ենթակառուցվածքները, հզորացնել աշխատանքային միգրացիայի խնդիրներով զբաղվող ծառայությունների կարողությունները:

ՄՄԿ-ն սարքավորումներ է տրամադրել Էրեբունի զբաղվածության կենտրոնին եւ աշխատելու է կենտրոնի համապատասխան աշխատակիցների հետ Միգրացիոն Ռեսուրս Կենտրոնի գործունեության շրջանակներում: ՄՄԿ-ն նաեւ փորձագիտական աջակցություն եւ խորհրդատվություն կապահովի` մեկնման երկրներում միգրացիայի հնարավորությունների վերաբերյալ: Կտրամադրվեն համապատասխան ուղեցույցներ:  Այս նպատակով 16 ուղեցույցներ են մշակվել` 16 երկրների էմիգրացիոն օրենսդրության, վիզաների ձեռքբերման, զբաղվածության հնարավորությունների վերաբերյալ:  

Ծրագրի շրջանակներում դեռեւս 2009թ նոյեմբերի 25-ին կազմակերպվել էր այցելություն Իտալիայի փոխդեսպան Պաոլո Բոնիսոնի կողմից Էրեբունի Նուբարաշենի զբաղվածության տարածքային կենտրոն ծրագրի աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում: Այս տարի հոկտեմբերի 13-ին` կկայանա Միգրացիոն Ռեսուրս Կենտրոնի բացումը: Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար պարոն Արթուր Գրիգորյանը եւ Իտալիայի դեսպան  Պարոն Սկապինին:  Միջոցառմանը հրավիրված են նաեւ աշխատանքային միգրացիայի հիմնահարցերով զբաղվող այլ տեղական եւ միջազգային կազմակերպություններ:  

Նման կենտոններ նախատեսվում է տեղայնացնել Աշատարակի եւ Իջեւանի մարզային զբաղվածության կենտրոններում աշխատանքի միջազգային կազմակերպության աջակցությամբ: