Քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի Գեւորգ Վարդանյանն այսօր՝ օգոստոսի 19-ին, 20 տարեկան կդառնար: Նրա ծննդյան օրվա կապակցությամբ հայրական տան պատին փակցվել է փառքի հուշատախտակ ու ցայտաղբյուր է տեղադրվել տան մոտ:
Գեւորգ Վարդանյանը մեծացել է հայրենիքից հեռու՝ Ռուսաստանի Դաշնությունում: Իր ցանկությամբ Հայաստան է վերադարձել՝ ծառայելու։ Հայրը հիշում է, որ որդուն Հայաստան ճանապարհելիս վատ կանխազգացում է ունեցել, նրան խնդրել է չգնալ, սակայն Գեւորգի համառությանը հաղթել չի կարողացել:
«Ասեց՝ երկու տարի է ընդամենը, ի՞նչ է, որ չսպասեք, չեք էլ նկատի՝ ինչքան արագ կանցնի ու ես կգամ»,- որդու հրաժեշտի խոսքերն է հիշում հայրը՝ Գագիկ Վարդանյանը:
Հայրը մտավախություն է ունեցել, որ Գեւորգը կարող է չհարմարվել նոր միջավայրին, դժվարանալ հայերեն լավ չիմանալու պատճառով: Գեւորգն ավելի ուժեղ է գտնվել, քան ծնողները կարող էին պատկերացնել. զինակից ընկերներին խնդրել է, որ զինվորական երդումն իր համար ռուսերեն տառերով գրեն, որ սովորի։ Կարճ ժամանակում էլ հայերեն գրել ու կարդալ է սովորել:
Ծնողները Գեւորգի ծառայության մասին շատ բան չեն իմացել: Գեւորգն ավելի շատ իր նոր բացահայտած հայրենիքից, նոր ընկերներից է ծնողներին պատմել:
«Հայրենիքի մասին էնքան ջերմությամբ էր խոսում, զարմանում էի. ինքը գրեթե չի եղել Հայաստանում, բայց հայրենիքի մասին շատ բան գիտեր, շատ հայրենասեր էր »,- նշում է հայրը:
Գեւորգի մասին վերջին լուրը հենց նրանից են ստացել: Զոհվելուց մեկ օր առաջ զանգահարել է բոլոր հարազատներին ու վստահեցրել, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ սահմանն ամուր են պահում, ու խնդրել, որ իր համար շատ չանհանգստանան:
«Մենակ քրոջս տղուն ըսավ՝ Մերուժը չկա, մեկ էլ՝ Վլադիմիրը, ու որ իրանք սաղին քաղելով առաջ կերթան»,- ասում է հայրն ու հիշում՝ 5 րոպում հասցրել է բոլոր ամենամոտ հարազատներին զանգահարել, կարծես հրաժեշտ տալու: Ապրիլի 4–ին Գեւորգը զոհվել էր։























