Իրանում օտարերկրյա երկու քաղաքացիներ են ձերբակալվել: Նրանք երկիր էին ժամանել զբոսաշրջիկների անվան տակ եւ որպես լրագրողներ այցելել անհավատարմության եւ ամուսնու սպանության համար դատապարտված Սակինե Մոհամմադի Աշտիանիի ընտանիքին: Այդ մասին հաղորդել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, հաղորդում է Press TV-ն:

Նրա խոսքով, ձերբակալվածները կապված են հակահեղափոխական տարրերի հետ: «Երկու քաղաքացիները կապված են հակահեղափոխական տարրերի հետ եւ ձերբակալվել են այդ պատճառով»,- ասել է Մեհմանփարասթը՝ հավելելով, որ այդ անձանց պատրաստողները գտնվում են Գերմանիայում:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սակինե Աշտիանին դատապարտվել էր մահապատժի՝ քարկոծման եղանակով: Նրա փաստաբանները պնդում են, որ կինն ընդունել է իր մեղքը ճնշումների  տակ: Աշտիանիի գործը լայն արձագանք էր գտել արտերկրում, եւ երկրի իշխանությունները ստիպված էին հետաձգել մահապատժի իրականացումը: Նշենք, որ Իրանի ոստիկանությունն օտարերկրացիների հետ ձերբակալել է իրանուհու փաստաբանին եւ որդուն: