Հոկտեմբերի 7-ին Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում հյուրընկալվել էր բրիտանական հանրահայտ «Քուին» (Queen) ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյը, որին Հայաստանին մատուցած ծառայությունների համար դեսպանության ժամանակավոր հավատարմատար Գագիկ Կիրակոսյանը հանձնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհած Պատվո շքանշանը: Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Հայաստան:
Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է նաեւ որպես բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988 թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» (Rock Aid Armenia) նախագծի մասնակից:





























